ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի գրառումը ցույց է տալիս մի կարևոր բան․ Փաշինյանին այլևս չի հաջողվում մեղքը բարդել նախկինների կամ թիմակիցների վրա։
«Քավության նոխազներն» ընդվզում են:
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում է սեփական խայտառակ ձախողումների պատասխանատվությունը «արտահանձնել» ուրիշներին՝ մոռանալով, որ հենց իր կառավարության շրջանում է արձանագրվել ԱՆԻՖ-ի խայտառակ սկանդալը:
Այս պատմությունը, սակայն, զուտ ԱՆԻՖ-ի մասին չէ։
Թեև կառույցն արդեն լուծարված է, բայց նրա շուրջ ձևավորված պատմությունը վաղուց արդեն դարձել է ներիշխանական հարաբերությունների հայելի։
Ըստ ամենայնի, ԱՆԻՖ-ի գործը Փաշինյանը փորձել է օգտագործել որպես ներիշխանական ֆիլտրումների գործիք։
Սակայն այս դեպքում ստացել է հակահարված։
Թերևս, միամիտ կլինի ենթադրել, որ Դավիթ Փափազյանն այս դեպքում արտահայտել է սոսկ իր անձնական վիրավորվածությունը:
Նրա խոսքը կարող է ընկալվել որպես ներիշխանական սեգմենտի խոսք, որը հրապարակայնորեն մարտահրավեր է նետում Փաշինյանին։
2026-ի ընտրությունների նախաշեմին սա ոչ թե անձնական վեճ է, այլ վստահության դեֆիցիտի հերթական ցուցիչը։
Փաշինյանի իշխանության ներսում աճող ճաքերը այլևս անհնար է քողարկել։
Արդյո՞ք Փաշինյանը կարող է վերահսկել ներիշխանական «գզվռտոցը», թե՞ ԱՆԻՖ-ի պատմությունը կարող է իշխանության ճգնաժամի բաղադրիչ դառնալ:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ